Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ
Մեր մոտեցումը միանշանակ է և անդրդվելի, որ անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կարող թույլ տալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով փայտահատումների խնդրին, որ հանգեցրել էր Իջևանում տեղի ունեցած դեպքերին:
Մարզպետի խոսքով՝ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել, բիզնես ձևավորել և այսօր այդ նախկին թողտվությամբ ցանկանում են շարունակել անտառահատումները, սակայն որևէ զիջում չի լինելու անօրինականությանը:
«Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքս էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած արդեն Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց»,- նշեց մարզպետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ 13 քաղաքացիներ են և 11 ոստիկան։
Ոստիկանական ուժերին միացել են հատուկջոկատայիններ, ցուցարարներ են ձերբակալվել:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետևանքով բեռնատարների և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Բանակցություններից հետո ճանապարհը բացվել է: