«Պահանջում ենք կատարել նախընտրական խոստումները»․ Երեկ կրկին քաղաքում կուտակված աղբի դեմ բողոքող քաղաքացիները դուրս էին եկել փողոց
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը երեկ՝ հուլիսի 17-ին, մի շարք քաղաքացիների հետ ակցիա է իրականացրել՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից կատարել նախընտրական խոստումները: Նրանք անցորդներին Մարությանի նկարով փուչիկներ են բաժանել՝ հորդորելով պահանջատեր լինել։
Սոնա Աղեկյանը ակցիայի տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե՛տ»,- տեսանյութին կից գրել է նա:
Աղեկյանը նաև հայտնել է, որ սկսում են ֆլեշմոբ․ քաղաքապետի նկարը փակցնելու են աղբով լի բոլոր աղբամանների վրա, և եթե աղբը չմաքրվի, հաջորդ քայլով Հայկ Մարությանին հայտարարելու են իմպիչմենթ։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը շրջայց է կատարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում և ուղիղ եթերով ցույց տվել փողոցում թափված աղբը:
Դեռ հուլիսի 6-ի առավոտյան մի խումբ անձինք Արշակունյաց պողոտայի աղբամանների պարունակությունը տոպրակներով բերել էին ու թափել քաղաքապետարանի դիմաց: Ոստիկանները քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին և ևս մեկ քաղաքացու՝ նրանց գործողությունները որակելով խուլիգանություն: