Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 32 ամյա տղամարդու մահվան առթիվ տարվում է քննություն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննության է տարվում՝ 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ:
Դեպքի առթիվ ՝ ՀՀ քննչական ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական
շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ նույն օրը կատարվել է վիրահատություն, սակայն ժամը 05:00-ի սահմաններում վերջինս մահացել է:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախաքննական մարմինն առերևույթ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացրել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: