Տեղեկությունը, թե ՀՀ ՔԿ քննիչները Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա»-ին պատկանող ավտոմեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը. Հայտարարություն
ՀՀ Քննչական կոիտեն հանդես է եկել հայտարարությամբ.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել
«Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոմեքենաներով, նպատակ են
հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը:
Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ, փորձագիտական խմբերը միշտ
էլ մուտք են գործել համապատասխան հրահանգավորում և անվտանգության պաշտպանիչ համազգեստ ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներով հանքավայրի տարածք մուտք գործելուն, ապա նշենք, որ հանքավայրի տարածք հնարավոր է գնալ հատուկ տրանսպորտային միջոցներով, որի նպատակը դարձյալ փորձագիտական խմբի անվտանգության ապահովումն է, իսկ նման տեխնիկա տրամադրվել է ընկերության կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով:
Տարբեր անձանց կողմից մեկնաբանություններ են հնչում, թե փորձագիտական խումբը հանքավայրի տարածք պետք է մուտք գործի առանց «Լիդիան Արմենիա»
ընկերության աշխատակիցների:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում
դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը՝ ելնելով քրեական գործի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքից:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ «Ամուլսարում փորձագետները Լիդիանի մեքենաներով էին». Ամուլսարի պաշտպաններին հրավիրել են ՔԿ