Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի որոշակի հարցերի. Անդրանիկ Քոչարյան
Աշխատանքը ցույց կտա, թե հարցերը մինչեւ ուր կգնան. եթե հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի որոշակի հարցերի: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Թե դա որ պահին կլինի, կլինի, թե չի լինի, կորոշի հանձնաժողովը»,-հավելեց նա:
«Բոլոր մեր ուժային պատասխանատուները, այս պահին եթե ասելիք ունեն, պետք է կենտրոնանան տվյալ ասելիքի վրա: Բայց մենք տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ զբաղված են հասարակության հետ այլ հոլովակներով խոսելով (նկատի ունի Սեյրան Օհանյանին, ով կնոջ հետ տեսահոլովակներ է պատրաստում ու հրապարակում-խմբ): Ինձ հետաքրքրում են այս պահին ապրիլյան դեպքերն ու դրանց ուսումնասիրությունին առնչվող նյութերը»:
Հարցին, թե հնարավո՞ր է իրենց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող ասել, եթե անհրաժեշտություն լինի ժամկետները երկարաձգել, ես կդիմեմ խորհրդարանաին եւ կարծում եմ, ԱԺ-ն չի մերժի: Մեկ այս ամսվա համար արդեն ունենք որոշակի արդյունքներ»,-ասաց նա՝ հավելելով, որ կգա նաեւ այն փուլը, որը լրագրողներին շատ է հետաքրքրում, թե ովքեր են գալու հանձնաժողով.
«Ցանկը բավականին մեծ է»,-ընդգծեց նա՝ չհստակեցնելով անունները: