Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը». Ermeni haber
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, գրում է Ermeni haber պարբերականը:
Փայլանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է 25մլրդ դոլար արժողությամբ զենք, այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաթիվ տնտեսական խնդիրներ։
Փայլանը նաև նկատել է տվել, որ վերջերս ռուս-թուրքական գործարքների պատճառով Թուրքիան կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից.
«Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, ինչպես նաև Ռուսաստանից Թուրքիայի կախվածությամբ, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։ Կամ էլ թող նրանք ուշադրություն դարձնեն Ուկրաինային և Վրաստանին, որոնք փորձում են ազատվել ռուսական կախվածությունից։ Մենք, անշուշտ, պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից, սակայն չպետք է նաև կարկուտի տակ ընկնենք»,-գրել է Փայլանը։