Հաջորդ տարի օմբուդսմենի գրասենյակը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել դատական համակարգի հարցերին. ՄԻՊ-ը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հաջորդ տարի օմբուդսմենի գրասենյակը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել դատական համակարգի, դատական պրակտիկայի կատարելագործման հետ կապված հարցերին: Հուլիսի 15-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային բանավեճի ժամանակ այս մասին ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ օրենքի շրջանակում օմբուդսմենն իրավունք ունի դատական իշխանության բարձրագույն մարմնին պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ ներկայացնել:
«Բացի այդ մենք նաև դատական նիստերի մոնիթորինգ ենք իրականացնում, մեր աշխատանքը նաև այլ միջոցներով ենք իրականացնում: Մարդու իրավունքների վիճակը որոշիչ նշանակություն ունի դատական համակարգում և մենք անկախ դատական համակարգ ունենալու գաղափարի կողմնակից ենք», - ասաց Թաթոյանը:
Ընդ որում նա նշեց, որ օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության բաժին գոյություն ունի և շուտով կսկսի գործել հաշմանդամների և թոշակառուների իրավունքների պաշտպանության բաժին:
Արման Թաթոյանը հավելեց, որ բիզնեսի պաշտպանությունը նույնպես կլինի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջնահերթ ուղղություններից մեկը: Իրավապաշտպանը նշեց, որ կարևոր է նաև առանձին խմբերի իրավունքների պաշտպանությունը: Օրինակ, կարևոր է փախստականների և ապաստանի կարիք ունեցողների իրավունքների պաշտպանությունը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ պակաս կարևոր չէ կանանց իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը: «Մենք այս, ինչպես և մյուս դեպքերում, մեծ նշանակություն ենք տալիս իրազեկությանը և պարբերական աշխատանքին», - եզրափակեց օմբուդսմենը:
Ստամբուլյան կոնվենցիան հարցի բարձրացումից հետո գտնվում է ուսումնասիրությունների փուլում, - ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ստամբուլյան կոնվենցիան հակասություն ունի՞ Սահմանադրության հետ։
Ըստ Թաթոյանի՝ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է.
«Այստեղ համագործակցում ենք Փաստաբանների պալատի, ԱԺ պատգամավորների հետ, մոնիթորինգ ենք անում մտահոգությունները: Այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել։
Ուզում եմ հատուկ նշել՝ կանանց հանդեպ բռնության, ընտանիքում բռնության և առհասարակ բռնության վերաբերյալ վիճակագրությունը մտահոգիչ է Հայաստանում, դրա դեմ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Հարցը շատ համակարգային է։ Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա ուսումնասիրելուց ու ամբողջական պատկեր կազմելուց հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ»։