Մենք մեծ հնարավորություններ ունենք տարանցիկ չվերթներ սպասարկելու. Հայաստանն այդ առումով շատ հարմար է. Ռևազյան
Լոուքոսթերները հիմնականում դիտարկում են եվրոպական ուղղությամբ չվերթները, որպես հիմնական շուկա. օրինակ «RyanAir»-ը ունի 86 օդանավակայան հիմնականում Եվրոպայում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Փաստ է նաև, որ մենք մեծ հնարավորություններ ունենք տարանցիկ չվերթներ սպասարկելու: Օրինակ, երբ ես գնացի Հնդկաստան և բանակցեցի տեղի ընկերությունների հետ, ընկերություններից մեկը մեզ ասաց, որ եթե իրեն հնարավորություն տանք, որ ինքը դեպի Բիրմինգհեմ, Լոնդոն և Մանչեսթեր թռիչքներ իրականացնի Հայաստանից, իրենք պատրաստ են մտնել մեր շուկա»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջարկը դեռ չեն ուղարկել, սպասում են:
«Հայաստանը հարմար է, որովհետև փոքր օդանավով կարող են թռչել Հայաստան ու նույն փոքր օդանավով շարունակել դեպի Եվրոպա: Այդ առումով մեր տարածքը շատ հարմար է»,-ընդգծեց նա:
«Հետաքրքրությունը կա Հայաստանում օդաչուների դպրոց բացելու, ինժեներների համար դպրոց բացելու և այդ հարցերով մենք բանակցում ենք: Ներդրողների հետ նաև բանակցում ենք, որպեսզի ՀՀ-ում գործարան բացենք, որ օդանավի մասերն այստեղ արտադրեն ու վերանորոգեն: Ինձ պարզ ասել են, որ եթե ստացվի, մենք խոսում ենք հազարից ավելի աշխատատեղերի մասին: Ես այս մասին շատ չեմ խոսել, որովհետև ես սիրում եմ, որ կոնկրետ արդյունք լինի, կոնկրետ թղթի վրա գրեն, որ այո, կգանք, բայց բանակցություններ հիմա վարում ենք»,- ասաց Ռևազյանը՝ հավելելով, որ ներդրողը Ռուսաստանից է:
Տաթևիկ Ռևազյանը չցանկացավ նշել ընկերության անունը, քանի դեռ հստակ գրավոր պայմանավորվածություն չի կայացել:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տաթևիկ Ռևազյանը հատկանշական էր համարել, որ Հայաստանում գրեթե բոլոր ուղղություններով չվերթները շատացել են. նոր ուղղություններ են բացել :
Բացի այդ նա խոսել էր նաև այն մասին, թե ինչի է հանգեցրել իր՝ շատ ճամփորդելը:
Նա նաև անդրադարձել էր «Սիրուն աղջիկ»՝ իր մասին արված արտահայտությանը:
Operativ լրատվականը ուղիղ հեռարձակմամբ հաղորդում էր նաև Տաթևիկ Ռևազյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ամփոփում էր պաշտոնավարման մեկ տարին: