«Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական առումով խնդրահարույց դրույթ է ներկայացնում. Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք». Վ. Վարդանյան
ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝ Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը, իմ կարծիքով իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում: Այս մասին, հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:
«Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել եւ բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել եւ պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝ այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է: Քաղաքական առումով մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարեւորությունը: ԱՀ-ի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը, եւ այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք եւ ավելի կարեւոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»,- նշել է Վ. Վարդանյանը:
Շարունակելով միտքը քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետք է կարեւորվի Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը:Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ եւ ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ, որոնք որեւիցե եղանակով չեն ընդգծում ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը:
«Այս իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բանակցային գործընթացի համար, որովհետեւ եւս մեկ անգամ ոչ պատեհ առիթ կտա մեր հակառակորդներին ներկայացնելու իրավիճակն այնպես, որ գործ ունենք ոչ թե ինքնորոշված սուբյեկտի, այլ ՀՀ-ին սերտաճած միավորման հետ: Բարոյական տեսանկյունից ԱՀ քաղաքացիությունն արժեք է, եւ Արցախը պետք է շենացնեն ԱՀ քաղաքացիություն ունեցող, ԱՀ-ում բնակվող եւ իրենց գործունեությունը ծավալող անձինք:Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը առիթ է տվել մի շարք անձանց դիտարկել իրավիճակներ, թե իբր հնարավոր է որոշակի շրջանակներ ակտիվացնելով ազդել սահմանադրական գործընթացների վրա: Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետեւ ՀՀ-ում մինչեւ հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, եւ չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,-ասել է Վ. Վարդանյանը: