Կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու. Սևանի շրջակա տարածքների տերերը փակել են Սևան-Գավառ ճանապարհը
Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը:
Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:
Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու և իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկանության աշխատակիիցները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհը և այսօր ժամը 11-ին հանդիպել Սևան քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
Ճանապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ Գալուստ Նանյանն իր Facebook-ի էջում գրել է. «Քիչ հետո Սևանի ափի մի քանի օբյեկտի տերերի հորդորով ցանկանում են փակել Երևան-Սևան միջպետական ճանապարհը»