Գազից հրաժարվել-չհրաժարվելը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով. փոխվարչապետ
Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ մեր հայրենակիցների շահերով և այստեղ որևէ կաշկանդվածություն չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական կամք կա Իրանից ավելի էժան գազ գնելու և ռուսականից որոշ չափով հրաժարվելու առումով:
«Ինչ վերաբերում է տեխնիկական ու գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է դա բանակցվի: Գազից հրաժարվելը կամ չհրաժարվելը հարց է, որը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով: Այդ երեք բաղադրիչի համադրությամբ պետք է որոշումները կայացվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է լուրերին, թե իր հետ քննարկում եղել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, որպեսզի հենց ինքը Գրիգորյանը ԿԲ նախագահ դառնա, փոխվարչապետը պնդում է, իր հետ քննարկում չի եղել. «Ինձ հետ նման քննարկում չի եղել: Ես իմ ապագա ցանկությունների մասին ձեզ նախօրոք կհաղորդեմ»,- նշեց Մհեր Գրիգորյանը:
Հարցին, թե հաճախ է նշվում, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ «ամուր թելերով» է կապված, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Անլուրջ խոսակցություն է։ Ես որևէ մեկի հետ որևէ այդպիսի թելերով կապված չեմ»։