«Անցած տարի դարձանք ներքաղաքական դավադրության վկաները. Թերևւս, իրականացվել է սցենար, որը գրվել էր միջազգային կազմակերպությունների օֆիսներում». Ռուբեն Հակոբյան
Անցած տարի դարձանք ներքաղաքական դավադրության վկաները։ Այս մասին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում հուլիսի 12-ին ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծության կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Այն ամենը, ինչ տեսանք անցած տարի, կարելի է անվանել միայն իշխանափոխություն։ Տարօրինակ է, որ 50 ագրեսիվ մարդիկ զավթեցին «Ռադիոտունը», բայց իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին, թեև կարող էին անգամ ուժ կիրառել միջազգային իրավունքի բոլոր նորմերով։ Մենք բոլորս, ծանոթ լինելով քաղաքական իրողություններին, հասկանում ենք, որ հենց այնպես դա անել հնարավոր չէր»,- նշել է նա։
Հակոբյանը նկատել է, որ, թերևս, իրականացվել է սցենար, որը գրվել էր միջազգային կազմակերպությունների օֆիսներում։ Փորձագետն ավելացրել է, որ մենք տեսնում ենք մի մարդու իշխանություն, որի գլխավոր նպատակն այս իշխանությունը պահելն է։ «Դա նորմալ ցանկություն է։ Նորմալ չէ, երբ դա արվում է ոչ թե ծրագրերի օգնությամբ, այլ ատելությամբ և հասարակությունը բաժանելով։ Հետաքրքիր է, որ այդ դավադրությունների հեղինակները լուրջ ազդեցություն ունեն քաղաքական դաշտում»,- ասել է նա։
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այդ դավադրությունն իր խորհրդանիշն ունի՝ Գագիկ Ջհանգիրյան, որը 1996-ի պետական դավաճանության գլխավոր ճարտարապետն է, ինչից հետո Հայաստանի զարգացումն ընդհատվեց։
«Մարդը պետք է հայտնվեր բանտում, բայց մենք տեսնում ենք, թե որքան ակտիվ է նա հանդես գալիս և անգամ կարծիք հայտնում, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի դատավորները քվեարկելու իրավունք չունեն։ Այս մտքի շարունակումը մենք տեսել ենք Վահե Գրիգորյանի մոտ, որն ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորներն ու անդամները նույնը չեն»։
ժողովուրդը, ըստ փորձագետի, առաջին հերթին, դեմ էր համակարգին, բայց Փաշինյանը ոչ մի նոր բան չառաջարկեց։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 18-ին Հայաստանը Ստրասբուրգում ստորագրեց Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը կանանց և ընտանեկան բռնության դեմ, որն ավելի շատ հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անվամբ։ Համաձայնագրի ստորագրումը միանշանակ չընդունվեց հայ հասարակայնության կողմից, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթներն ու արժեքները քանդելուն, այլև հակասում են երկրի Սահմանադրությանը։