ԱԱԾ–ն քննություն է սկսել՝ պարզելու Երևանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը. Համազգայինի նախկին փոխտնօրեն
Ազգային անվտանգության ծառայությունը Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա քննություն է սկսել՝ պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքը: Այս մասին Մանուկ Նիգոյանը գրել է իր Facebook-ի էջում։
«Հարգելի համաքաղաքացիներ`
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս:
Նախ վերահաստատում եմ հետևյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար:
ԱԱԾ աշխատակիցն ասում է. Պարոն Նիգոյան Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել.
Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»,–նշել է նա:
Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը գրել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս։