«Օրենքով գող»-ի խոշտանգման փաստով պաշտպանը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել
Հուլիսի 5–ին իր կամքին հակառակ Հայաստանից Ֆրանսիային արտահանձնված 44–ամյա «օրենքով գող» Մերաբ Քալաշովի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնեց Քալաշովի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է Քալաշովի խոշտանգման և պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ։
Պաշտպանները պնդում են, որ Քալաշովը ծեծի է ենթարկվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։
«Իմ պաշտպանյալին Հայաստանում խոշտանգել են, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ, կապտուկներ, որոնք «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ինձ թույլ չտվեցին նկարել։ Ես դիմել եմ Քալաշովի ֆրանսիացի պաշտպաններին, որպեսզի նրանք լուսանկարեն վնասվածքները և ուղարկեն ինձ»,- նշեց Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ խոշտանգման փաստի վերաբերյալ պաշտպանը դեռևս հուլիսի 5–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, սակայն այդպես էլ հետաքննիչները չէին եկել և չէին արձանագրել Քալաշովի վրա առկա վնասվածքները։ Մինչ այս պահը իրավապահներն ընթացք չեն տվել հաղորդմանը։
Արմեն Մելքոնյանի խոսքով՝ Քալաշովին Ֆրանսիայի իրավապահներին են հանձնել Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի ցուցումով։
Նա նշեց, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները օդանավակայանի գծային բաժնում թույլ չեն տվել իրեն առանձին տեսակցել իր պաշտպանյալի հետ։
«Պետական պաշտոնատար անձինք առևանգել և անձին նվիրել են Ֆրանսիային»,-հայտարարեց պաշտպանը՝ հույս հայտնելով, որ Քալաշովը Ֆրանսիայում արդարացվելու է։
Նշենք, որ Քալաշովը Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր դեռ 2015-ից։ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։ Նրան հայտնաբերել էին 2018թ. նոյեմբերին Նուբարաշենում եւ կալանավորել։
2018թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում էր կայացրել Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել:
Քալաշովի պաշտպանները սակայն բողոքարկել էին ինչպես նրան կալանավորելու, այնպես էլ նրան հանձնելու որոշումը։
Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ Քալաշովի վերաբերյալ ներպետական ատյաններում դեռեւս քրեական գործ է քննվում, եւ իրավասու մարմիններն իրավունք չունեին առանց վերջնական դատական ակտի՝ նրան արտահանձնեին։