Արցախի ԱԺ-ում արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել են Ընտրական օրենսգրքի նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 9-ին արտախորհրդարանական 10 ուժերի մասնակցությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծը:
Բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար եւ ընդգծել երկրի համար նման կարեւոր փաստաթղթի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան օրենսգիրք ունենալու առումով:
ԱԺ նախագահը նաեւ նշել է, որ հունիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը եւ երկրորդ ընթերցումից առաջ նման ձեւաչափով քննարկումների անցկացումը հնարավորություն կտա հավաքագրել ոչ միայն խորհրդարանական, այլեւ՝ արտախորհրդարանական ուժերի առաջարկները եւ ներկայացնել կառավարություն:
Այնուհետեւ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական ուղղությունները, նորամուծությունները եւ փոփոխությունները, որից հետո արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են հարցեր եւ հանդես եկել առաջարկություններով:
Երկրորդ ընթերցումից առաջ առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է:
Քննարկմանը մասնակցել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: