«Սպայկա»-ի այսօրվա գործունեությունը եւ իր նախկինում կատարածին իրավական գնահատական տալը մենք տարանջատել ենք. Անանյան
«Սպայկա» ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Սպայկա»-ի այսօրվա գործունեությունը եւ իր նախկինում կատարած գործողություններին իրավական գնահատական տալը մենք տարանջատել ենք, որ հանկարծ չվնասենք այդ ընկերության բնականոն աշխատանքին: Այն տեղեկությունները, որոնք մենք պարբերաբար դեռեւս ստանում ենք, դրանք անընդհատ մշակվում են եւ նոր հաշվարկներ են կատարվում»,-ասաց Անանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։
Ավելի ուշ «Սպայկան» բյուջե է վճարել շուրջ 1 մլրդ դրամ, իսկ Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կայանքը փոխվել է: