Ժամանակը կգա, դատավարությունը կավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել. Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է պնդել, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խորհուրդ տալով սպասել դատավարության ավարտին։
«Ժամանակը կգա, դատավարությունը կավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել, այն ժամանակ մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ»,–ասաց նա՝ նշելով, որ իր գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Հարցին, արդյոք նեղացա՞ծ է իշխանություններից, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց.
«Իհարկե ոչ, ես երբեք ոչ ոքից չեմ նեղանում, կարծում եմ թույլ մարդու բնավորություն է նեղանալը»։
Դիտարկմանը, հե՞շտ է արդյոք ամբաստանյալի կարգավիճակում քաղաքը կառավարելը, Մասիսի քաղաքապետը պատասխանեց.
«Շատ լավ է, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Կարող եք մասիսցիներին հարցնել, ընդհակառակը հիմա շատ լավ կառավարում եմ, մասիսցիների հետ շփվում եմ, իրենք այդ մասին կփաստեն»։
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։