«Վաղը կրկնելու ենք մեր ակցիան: Մենք Երևանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի». Քաղաքապետարանի դիմաց աղբ տարած 8 քաղաքացիներն ազատ են արձակվել, սակայն քրգործ է հարուցվել
Երևանի քաղաքապետարանի դիմացից այսօր՝ հուլիսի 8-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված 8 անձինք արդեն ազատ են արձակվել, սակայն քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ում ևս բերման էին ենթարկել:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով:
Նա ոստիկանության կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց խափանման միջոցը փոխվել է, բաց են թողնվել երկրից չբացակայելու ստորագրությամբ:
«Վաղը կրկնելու ենք մեր ակցիան: Մենք Երևանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Ժամանակին Ռադիոյի շենք մտնողների դեմ քրգործ չի հարուցվել, բոլորն ազատության մեջ են, ապա մեր հանդեպ թող հարուցեն քրեական գործեր, օրական մի քանի անգամ:
Ոստիկանությունում ոստիկանների կողմից տեղի է ունեցել մեր իրավունքների կոպիտ խախտում: Ես ունեմ այդ ամենը փաստող ձայնագրություններ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ բերման ենթարկելիս իր ձեռքն են վնասել: «Ոստիկանության՝ Կենտրոնի բաժնի միլպետը գոռում ու բղավում էր իմ ընկերների վրա, իսկ թե ինձ հետ ինչպես էր խոսում, կտեղեկացնեմ մամուլի ասուլիսին: Այստեղ մեզ բերել են խուլիգանության կասկածանքով, հստակ հասկանալի է, որ իրական խուլիգանները, որոնք թալանել են, կողոպտել են, ազատության մեջ են»,- ասաց նա եւ հավելեց, որ պայքարելու են բոլորի իրավունքների համար:
Սոնա Աղեկյանը նշեց, որ այսօր կամ վաղը ասուլիսով հանդես կգան:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ այսօր առավոտյան մի խումբ անձինք Արշակունյաց պողոտայի աղբամանների պարունակությունը տոպրակներով բերեցին ու թափեցին քաղաքապետարանի դիմաց: