Պարզվել է Վրաստանում վթարի ենթարկված հայերի ինքնությունը. նրանք 2 ընտանիքի անդամներ էին, գնում էին հանգստանալու
Վրաստանում այսօր վթարի ենթարկվածները երկու ընտանիքի անդամներ են եղել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արագածոտնի մարզի Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը` նշելով, որ ընտանիքներից մեկը Օշական գյուղից է, մյուսը՝ Երևանից:
«Օշականից 5 հոգանոց ընտանիքը այսօր վաղ առավոտյան է մեկնել Վրաստան` հանգստանալու նպատակով, իսկ մյուս ընտանիքը Երևանից է` մայրը՝ երկու երեխաների հետ: Դեռ տեղեկություն չունենք` ովքեր են մահացածները»,-ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ Վրաստանի մեկնած համագյուղացին Արթուր Միրիջանյանն է, նրա կնոջ անունը Ռուզաննա է:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Shamshyan.com-ին, հայտնել էր, որ այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։