Հեղափոխություն անում է ծույլ, մյուսների նկատմամբ նախանձով լցված ամբոխը. Բոստանջյան (տեսանյութ)
Դեռեւս հին Հունաստանում հասարակությունը բաժանվում էր երեք խմբի՝ օխլոս, պլեբոս եւ դեմոս. օխլոսը ամբոխն էր, եւ որպես կանոն դրանք էին հեղափոխություն անում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Այդ զանգվածն, ըստ էության, չի տիրապետում որեւէ գործի, ծույլ է, չի սիրում աշխատել եւ որպես կանոն նախանձով է լցված մնացած բոլորի նկատմամբ: Ինչ-որ ժամանակ պայթում է դա եւ դրա անունը դրել են հեղափոխություն: Հեղափոխություն է բառ է, որն օգտագործում են մարդկանց ապակողմնորոշելու համար»,-հայտարարեց Բոստանջյանը:
Նա հիշեց, որ դեռ նախորդ տարի նոր կառավարությունն իր ծրագրում խոսել էր ազատ, արժանապատիվ ու երջանիկ քաղաքացու մասին. «Առաջին երկուսը ինչ-որ տեղ հասկանում եմ, բայց երջանիկը մի քիչ լավ չեմ հասկանում: Ես երբ կարդացել եմ ֆանտաստիկայի ժանրի գրականությունը, այնտեղ այլմոլորակայինները գալիս են ու տվյալ հասարակությանն ասում են՝ մենք ձեզ կդարձնենք երջանիկ: Ուղեղ ունեցող մարդը ո՞նց կարող է երջանիկ լինել: Մենք անընդհատ կրկնում ենք՝ երջանիկ, հպարտ: Ո՞նց կարող է քաղցած, իր կենցաղային հարցերը չլուծող մարդը հպարտ կամ երջանիկ լինի: Եթե մենք ուրախ ենք ապրում, ուրեմն գերբնական ուժը մեր ուղեղի 1,5 կիլոգրամը չի դրել մեզ մոտ»: