Փոխվարչապետը կհանդիպի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 8-ին կհանդիպի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտնեց գործարանի նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։ Նա ասաց, որ իրենք երեկ հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Մարզպետն իրենց հայտնել է այն մասին, որ կգա փոխվարչապետը, եւ կլինի աշխատողների հետ քննարկում. «Ենթադրում ենք, որ կլինի որեւէ պարզաբանում, եւ հստակ լուծումներ կառաջարկեն մեզ»։
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները երեկ վաղ առավոտից փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը եւ գործարանի ելքերն ու մուտքերը։ Գործարանի 200 աշխատակիցների ազատել են աշխատանքից, նրանք էլ պահանջում էին կառավարության անդամների հետ հանդիպում, որ կամ երկարաձգեն պայմանագրերը կամ այլընտրանք առաջարկեն իրենց։
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարումը հետաձգվել էր մինչեւ հունիսի 30-ը: 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը։ Հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։