ԱՄՆ-ում առաջարկել են տուրքեր մտցնել ԵՄ-ից 4 մլրդ դոլարի ապրանքների վրա
ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմը առեւտրային բանակցություններում առաջարկում է տուրքեր մտցնել Եվրամիությունից 4 մլրդ դոլարի ապրանքների վրա։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարությունում, որը հրապարակվել է երկուշաբթի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես երեւում է փաստաթղթից, դա կարող է արվել որպես Եվրամիության կողմից իր ավիաարդյունաբերության սուբսիդավորման պատասխան միջոց։ Հայտարարության հավելվածում ներկայացվում են մոտ 90 տեսակ ապրանքներ։ Դրանց թվում են մետալուրգիական ճյուղի ապրանքներ, որոշ տեսակի պարարտանյութեր, պանրի տարատեսակներ, խոզի մսից պատրաստված մթերքներ, մակարոնեղեն եւ թունդ ալկոհոլային խմիչքներ։
Հայտարարությունում ճշգրտվում է, որ ապրիլին գերատեսչությունն արդեն առաջարկել էր տուրքեր մտցնել ԵՄ-ից 21 մլրդ դոլարի ապրանքների վրա։ Նոր ցանկը նախնական ցուցակի լրացումն է։ Ինչպես երեւում է փաստաթղթից, «տուրքերը կարող են մտցվել ԱՄՆ իրավունքը պաշտպանելու նպատակով՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակում Եվրամիության եւ նրա որոշ անդամների հետ վեճում, ԵՄ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի խոշոր ինքնաթիռների (արտադրության) սուբսիդավորման վերաբերյալ»։ Գերատեսչությունը պատրաստ է առաջիկա ամիսներին խորհրդակցություններ անցկացնել բիզնեսի ներկայացուցիչների եւ հասարակության հետ ցուցակում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։
ԱՀԿ վերաքննիչ մարմինն անցած տարի հաստատել է 2016-ին ընդունված որոշումն այն մասին, որ Եվրամիությունը եւ նրա չորս անդամ պետություններ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան, ապօրինաբար սուբսիդավորել են Airbus ավիաշինական կորպորացիան։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ այս վեճը ԱՀԿ-ում ընթանում է 2004 թվականից։