Շաքարի ներմուծումը Հայաստան շահավետ չէ ներմուծողների համար. տնտեսագետ
Բանանի ներմուծումը Հայաստան բավական հետաքրքիր ճյուղ է։ «Թավշյա հեղափոխությունից» հետո շատ մարդիկ փորձեցին զբաղվել բանանի ներմուծմամբ, բայց շատերի մոտ խնդիրներ առաջացան։ Այս մասին հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու, տնտեսագետ Էդգար Ճաղարյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանում, «թավշյա հեղափոխությունից» հետո, չգրանցվեց ակտիվություն բանանի եւ շաքարավազի ներկրման հարցում։ Ճաղարյանի խոսքով՝ բանանի իրացման համար հարկավոր է ունենալ դրան համապատասխան շուկա եւ պահանջարկ։
«Չի կարելի ներմուծել բանան՝ չիմանալով դրա հետագա իրացման կետերը։ Այստեղ մեզ մոտ կա ընկերություն, որն զբաղեցնում է ուժեղ դիրք։ Ստացվում է, որ նոր խաղացողները կարող են խնդիրներ ունենալ, բայց մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի վերացնենք մենաշնորհն այդ ոլորտում»,- ասել է թեկնածուն։ Անդրադառնալով շաքարի ներմուծմանը՝ Ճաղարյանն ասել է, որ խնդիրը կապված է որակի հետ։ «Կազմակերպությունները, որոնք ցանկանում են սկսել շաքարի ներմուծումը, ճիշտ հաշվարկներ չեն անում։ Ես կարծում եմ, որ այս դեպքում կա որակի հետ կապված խնդիր։ Դա չի նշանակում, թե ինչ-որ մեկն արգելում է շաքար ներկրել հանրապետություն։ Պարզապես ոչ մեկին դա շահավետ չէ, եւ ոչ մեկի մոտ դա չի ստացվում։ Շաքարի ներմուծմամբ զբաղվում են, որպես կանոն, միայն պահածոյի եւ հրուշակեղենի ֆաբրիկաները»,- ընդգծել է թեկնածուն։