«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները ուզում են դիտարկել Արցախի ընտրությունները. Նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ:
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին:
Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում:
Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանն ընդգծել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով: