Ռուսաստանցի պատգամավորը պատմել է, թե ինչպես է հայտնվել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռի
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտի» հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին է նստել Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ, որի նախագահն է, քանի որ իրեն հրավիրել են զբաղեցնել հենց այդ տեղը:
«Այս կապակցությամբ ոչ մի թերասացություն չի եղել: Ընդունող կողմը որտեղ հրավիրում է նստելու, այնտեղ էլ տեղավորվում եմ»,- ասել է նա: Գավրիլովը պարզաբանել է, որ արարողակարգի համաձայն՝ այդ տեղը զբաղեցնում է Գլխավոր ասամբլեայի նախագահը, այսինքն՝ տվյալ դեպքում նա:
Պատգամավորը հավելել է, որ խորհրդարանի խոսնակի տեղից է ելույթ ունեցել Հունաստանում, Լիբանանում և այլ երկրներում: «Իհարկե, ես պատրաստ եմ աշխատել թեկուզ կողադիր աթոռակի վրա. անկեղծ ասած, ես համեստ մարդ եմ, և տանտերերը որտեղ նստեցնեն, այնտեղ էլ կնստեմ: Այս դեպքում ահա այդտեղ նստեցրին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ նիստը կոռեկտ է վարվել, բայց ընդմիջմանը շենք են «ներխուժել ծայրահեղականները» և փաստաթղթերը ոչնչացրել:
Վրացական ընդդիմության տարածած տեղեկությունները, որ Գավրիլովը մասնակցել է Աբխազիայում մարտական գործողություններին, խորհրդարանականը սուտ է անվանել: Նա պնդում է, որ անկախության հռչակումից հետո ընդհանրապես Աբխազիայում չի եղել:
«Սա սուտ է և սադրանք: Ինձ համար անչափ ցավալի է, որ վրացական լրատվամիջոցները այն հրապարակել են: Ի դեպ, մեր պատգամավորները տեսել են, թե վրացի լրագրողներին ինչպես են ուղղորդել կուրատորները, որոնք խոսում էին անգլերենի ամերիկյան տարբերակով»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ռուս պատգամավորի ելույթը դարձել է Թբիլիսիում ցույցերի պատճառը, որոնք վերաճել են ոստիկանների հետ բախումների:
Ավելի վաղ Operativ.am-ը հաղորդել էր, որ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են հատուկ միջոցներ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 52 մարդ, որոնցից 38-ը ոստիկաններ են: Մասնակիցներն ավերել են «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակը: