Դատավորը գործը վարում է անհասկանալի դատավարական կանոններով, քմահաճույքներով. Ալումյան
Դատավորը գործը վարում է անհասկանալի դատավարական կանոններով, քմահաճույքներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Վերջինս հայտարարեց, որ առարկում է նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների դեմ, սակայն դատավորը թույլ չտվեց պաշտպանին հայտնել իր առարկությունը։
Դատավորը հայտարարեց, որ թույլ չի տա Ալումյանին՝ իր հետ զուգահեռ խոսել, ինչին ի պատասխան պաշտպանը բարկացած հայտարարեց.
«Չհամարձակվեք ինձ ընդհատել»։
Լարվածությունը թուլացնելու նպատակով դատական նիստն ընդմիջվեց։
Ընդմիջումից հետո Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքնաբացարկներից այն կողմ գործի քննությունն առաջ չի գնացել։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։
Գլխավոր դատախազությունը և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։