Արևմտահայերենը անհետացման վտանգի տակ է. Հայկակ Արշամյան
Լեզվի արևմտահայերեն ճյուղն անհետացման վտանգի տակ է: Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ընթացքում հունիսի 18-ին ասաց նրա գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նրա խոսքով, եթե բավարար ջանքեր չգործադրվեն, ապա արեւմտահայերենը կարող է 20 տարի անց անհետանալ, և Հիմնադրամի հիմնական գործունեություններից մեկը կլինի լեզվի պահպանումը:
Արշամյանը հավելեց, որ առաջիկա տարիներին Հիմնադրամի համար ևս մեկ լուրջ խնդիր պետք է լինի ցանցային գործունեության ուժեղացումը, որպեսզի տարբեր մասնաճյուղերի միջև կապն ավելի ուժեղ լինի: «Նորարարությունների հետ միասին կշարունակվի նաև ավանդական ծրագրերի իրականացումը:
Չնայած որոշակի դժգոհության, որ սփյուռքի կողմից հավաքված միջոցները երբեմն ուղղվում են նույն սփյուռքի ծրագրերի իրականացմանը, այդ պրակտիկան նույնպես կշարունակվի, քանի որ համահայկական նշանակություն ունեցող հարցեր կան:
Բացի այդ, մենք հիշում ենք Սիրիայի փորձը: Բացառված չէ, որ նման իրավիճակը նորից ինչ-որ մի տեղ կկրկնվի», - ընդգծեց նա:
Հայկակ Արշամյանը հավաստիացրեց, որ այս իմաստով աշխատելու մոտեցումների տեսանկյունից կավելանա մոնիթորինգի անցկացման ինտենսիվությունը, որպեսզի ձեռքի տակ լինի առաջացող խնդիրների մասին տեղեկատվությունը:
Անդրադառնալով կոնկրետ ծրագրերի իրականացմանը՝ նա խոստովանեց, որ հարկավոր է բարձրացնել դրանց իրագործման արդյունավետությունը:
«Այդ նպատակով, մասնավորապես, Գյումրիում նախատեսվում է բարձրացնել կառուցվող շենքերի էներգաարդյունավետությունը, զարգացնել գործարար միջավայրը, աշխատել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ», - եզրափակեց տնօրենը:
Նշենք, որ Երևանում հունիսի 18-ին ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքը։