Հոգեթերապևտը Մանվել Գրիգորյանին աջակցություն ցուցաբերելու համար պայման է դրել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։
Այսօրվա նիստին նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և բուժօգնությունից հրաժարվելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ստացված փաստաթղթերը։
Ըստ այդմ պարզ դարձավ, որ Գրիգորյանը ՔԿՀ–ում շուրջ երեք օր հրաժարվել է դեղորայք ընդունել՝ պնդելով իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Գրիգորյանը հերթական անգամ հայտարարեց, որ անօրինական է դիտարկում Մանվել Գրիգորյանին հարկադրաբար «Նաիրի» ԲԿ–ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխումը։
Պաշտպանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությանը ՄԻԵԴ–ի առջև պատավորություն է ստանձնել Գրիգորյանի բուժումն ապահովել քաղաքացիական հիվանդանոցում։
Բաղթասարյանը դատարանին տրամադրեց Գրիգորյանի վերջին հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր։
Նա նշեց, որ օրեր առաջ բժիշկ հոգեթերապեվտ Գալստյանն ուսումնասիրել է Մանվել Գրիգորյանի բժշկական փաստաթղթերը և փաստել, որ երրորդ անձի ներկայությամբ հնարավոր չէ հիվանդին ցուցաբերել հոգեթերապեֆտիկ աջակցություն և արձանագրել որ նրա հետ պետք է դեմ առ դեմ հանդիպել՝ առանց երրորդ անձի ներկայության։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։ Նա ծայրահեղ ծանր վիճակով հունիսի 6–ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: