Մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան
Ֆեյքերի և յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«100 փաստ Հայաստանի մասին գրքույկում ներկայացված է աշխատատեղերի մասին վիճակագրությունը և այստեղ արձանագրված է, որ անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ, իհարկե այդ աշխատատեղերից մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, փոքր մասը նոր ստեղծված աշխատատեղ , բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, և յութուբում դիսլայք դնելու համար: Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին»,- ասաց նա:
Սակայն վարչապետը նշեց, որ իրենք դժգոհ չեն, որ քաղաքացիներն աշխատանք ունեն:
«Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք` մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք բառիս բուն իմաստով, կներեք իրենք են սիրում էդ բառը, հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- հավելեց նա:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, անցկացնում է իր 5-րդ համաժողովը։ Համաժողովն ընտրելու է վարչության նոր կազմ, ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ, առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։
Նշենք, որ նախատեսված է նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել է 30 թեկնածու։