Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։
Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։
«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքները ձեզ մակագրելը»,–ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, և նա պետք է այս գործով բացարկ հայտնի։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։