Սխալ չափագրումներ են արել. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները այսօր՝ հունիսի 12-ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունն իրենց թաղամասում նոր չափագրումներ իրականացնի: Բնակիչները նշում են, որ իրենց տների սեփականության պայմանագիրը լիարժեք չէ, և, որ կատարված չափագրումներն էլ թերի են, այդ պատճառով էլ Պետական կադաստրի կոմիտեն չի ընդունում չափագրումները, և որպես սեփական տարածք չի գրանցում։
«Սխալ չափագրումներ են արել: Որոշ մարդկանց տները շտրիխած են տվել, հողը չեն չափել: Իմ շինությունը չափել են ներսից, դրսից չեն չափագրել, 6 քառակուսի պակաս է: Իմ բնակարանը տվել եմ, որ օրինականացնեն, պարզվում է՝ տունս տվել են 15 տարով վարձակալության: Դրանից հետո անընդհատ դիմել եմ, որ տանս թուղթը օրինականացնեն: Մի քանի անգամ եկել, չափագրել են, ու գումարներ եմ միշտ տվել՝ 40 հազար, 50 հազար»,- պատմեց բնակիչներից մեկը:
Բնակիչներից մեկն ասաց, որ տվյալ թաղամասում իրեն պետք է ռեստորանային համալիրի տարածք տրամադրեն, սակայն պայամանգիր կա, բայց տարածք չեն տալիս.
«Անցած տարի պարոն Վանեցյանն ասաց, որ 4-6 ամսում բոլոր կոնդեցիների պայմանագրերը կբավարարեն, և բոլորդ տարածք կստանաք, բայց մինչև հիմա չենք ստացել: 3 անգամ դիմել եմ ԱԱԾ, 3 անգամն էլ եկել է պատասխան, որ դիմեմ դատարան: Մի անգամ դիմել եմ դատարան, գործը կարճել են: 10 տարի պայմանագիր եմ կապել, չեն տալիս տարածքը, շենքերը պատրաստ է: «Ի Էմ ՍԻ» ՓԲ ընկերության տնօրեն Գնել Քոչարյանն ինձ ասում է՝ քո տարածքները վաճառելու ենք «SAS»-ին կամ «CITY»-ին»,- ասաց բնակիչը:
Նշենք, որ կոնդեցիները մայիսի 17-ին հանդիպել էին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, և քննարկել իրենց բարձրացրած խնդիրները.
«Մեզ չի բավարարել իր հետ հանդիպումը: Նա մեզ կոնկրետ պատասխան չտվեց, բացի դա էլ մեզ ուղարկեց լղոզված պատասխան, դրա համար էլ մենք հիմա այստեղ ենք: Մենք ամբողջ խնդիրները ներկայացրինք, մեզ բանավոր ասացին՝ ձեր հարցերը կսատանան լուծում: Իսկ գրավոր պատասխանի մեջ գրել են, որ 2013 թվականին մենք հանձնաժողով ենք ստեղծել, մենք ուզում ենք, որ հիմա ստեղծվի, որ ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը: Նշել ենք, որ լինեն մարդիկ կադաստրից, մարդու իրավունքի պաշտպանից, քաղաքաշինությունից և մեր բնակիչներից, որ կարողանանք մեր հարցերը բարձրաձայնենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանիսը ընդունարանում քննարկում են իրենց խնդիրը կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ:
Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց, որից հետո հանդիպում էր եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նշենք, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հանդիպումները կշարունակվեն բնակիչների հետ: Մեսչյանը խոստացել էր, որ խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով կձևավորվի: