Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասեց. Դանիել Իոաննիսյան
Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասեց, թե ինչու ես իրեն չեմ սիրում: Այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:
Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:
Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:
Հ.Գ. Եթե ես էլ երբևէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Դանիել Իոանիսյանը հայտարարել էր, որ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում ունեցվածքի, մասնավորապես՝ մեքենայի մասին տվյալները կեղծ են, և դա հավանաբար արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու նպատակով։
Ալեն Սիմոնյանը հերքել է այս մեղադրանքը և բանկից քաղվածք ներկայացրել, որ մեքենան գնվել է վարկային միջոցներով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ․ «Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաև տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ: