Կատալոնիայում կարգելեն ծխելն անձնական մեքենաներում, մարզադաշտերում եւ կանգառներում
Կատալոնիայի իշխանությունները կխստացնեն ծխելու մասին օրենքը. ծխախոտի օգտագործումը կարգելվի անձնական ավտոմեքենաներում, ինչպես նաեւ բաց սպորտային մարզադաշտերում եւ տրանսպորտի կանգառներում: Ակնկալվում է, որ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց, հաղորդում է «Եվրոպուլս»-ը:
Արգելքը կտարածվի ոչ միայն սովորական, այլ նաեւ էլեկտրոնային ծխախոտերի եւ Iqos-ի նման ծխախոտի տաքացման համակարգի վրա:
Կանոնների խստացումն, առաջին հերթին, կապված է Կատալոնիայում ծխողների թվի ավելացման հետ: 2017 թվականին ծխում էր կատալոնացիների 24 տոկոսը: Սակայն 2018 թվականին նրանց թիվն աճել է՝ հասնելով 25.6 տոկոսի:
Եվրոպայի մյուս երկրներում եւս սահմանվում են ավելի խիստ միջոցներ ծխելու դեմ. վերջին 3 տարիների ընթացքում հակածխախոտային օրենսդրությունը խստացվել է ԵՄ բոլոր երկրներում: Ամենատարածված միջոցառումները վերաբերում են հասարակական վայրերում ծխելու արգելքին եւ ծխախոտային արտադրանքի համար նոր ակցիզների կիրառմանը ծխախոտը պակաս հասանելի դարձնելու համար: