Բաքվում Մխիթարյանի անունով շապիկ կրող երկրպագուների նկատմամբ ոստիկանների վերաբերմունքն ամեն ինչ ասում է. Փաշինյան
Երբ հայ ֆուտբոլիստի անունով շապիկներ հագած ֆուտբոլային երկրպագուները հայտնվում են ադրբեջանցի ոստիկանների ուշադրության կենտրոնում, այդ փաստն ամեն ինչ ասում է: Այդ մասին Սանտկ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Ինչպես արդեն նշել եմ, դա միակ դեպքը չէ: Երբ հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացին ցանկացել էր Բաքու այցելել, նրան թույլ չէին տվել. դա շատ վատ նշան է: Հայաստանում նման խնդիրներ չեն ծագում. վերջերս, եթե ես չեմ սխալվում, Թուրան ադրբեջանական գործակալության լրագրողն այցելել էր Հայաստան, եւ դա չէր ստեղծել որեւէ խնդիր անվտանգության ոլորտում: Անհրաժեշտ է բացառել այդօրինակ դեպքերը, քանի որ դրանք սրում են իրավիճակը»,-նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Բաքվում ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել էին «Արսենալ» անգլիական ակումբի երկրպագուներին, որոնք կրում էին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ազգանվամբ շապիկներ: