Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում այսօր՝ հունիսի 4-ին, հանրահավաք են հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ հանուն արդար դատական համակարգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը։
Հանրահավաքը պետք է տեղի ունենար հունիսի 3-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել եւ հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Ջիվան Աբրահամյանը հաջորդ օրը բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։ Ոստիկանությունը մայիսի 26–ից հետաքննություն էր իրականացնում։ Ըստ օրենքի՝ ոստիկանությունը 10 օրվա ընթացքում պետք է որոշեր քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու հարցը։
Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։