Սոցցանցերում անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի. Արման Թաթոյան
Սոցցանցերում անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ սոցցանցերում վիճակը լավագույններից չէ, այն անհանգստություն է առաջացնում:
«Փողոցում ժպտացող մարդը սոցցանցերում կարող է ատելություն սերմանող հաղորդագրություններ գրել: Տպավորություն է ստեղծվում, որ հանրությունը կիսվում է խմբերի, որոնք միմյանց պիտակավորում են՝ «հեղափոխականներ» եւ «հակահեղափոխականներ»»,- ասել է Թաթոյանը:
Նա վստահություն է հայտնել, որ հանրությունը չպետք է կիսվի նման խմբերի:
«Երբ սոցցանցերում մի մարդու կամ խմբի դեմ կազմակերպված քարոզարշավ է սկսվում, օգտագործվում են անձնական կյանքից տվյալներ, ինչը խախտում է: Անհրաժեշտ է փոխել իրավիճակը, այդ թվում, օրենսդրության միջոցով: Ատելության դրսեւորումն այսօր աճում է»,- հավելել է Թաթոյանը՝ նշելով, որ դրա հետ ինքը եւս բախվել է:
Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ վստահություն է հայտնել, որ իրավիճակի վրա կարող են ազդել Հայաստանի գործող իշխանությունները: Նա պատգամավորներին կոչ է արել նպաստել այդ փոփոխությունների իրականացմանը: