Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց կարող է սոցիալական աջակցություն տրամադրվել. Զեյնալյան (տեսանյութ)
Կառավարությունը կգնահատի 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այլ տիպի աջակցություն տրամադրելու հնարավորությունը, կարող են լինել սոցիալական աջակցության ծրագրեր, այդ անձինք կարող են տարբեր փաթեթներում ներառվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Հարցին, թե քանի հոգու է տրամադրվելու աջակցությունը, նախարարն ասաց. «Դրա վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, այդ տվյալները պետք է հավաքագրվեն, ըստ այդմ որոշում կայացվի եւ մեր հնարավորությունը համադրվի մարդկանց քանակի հետ»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ընդունված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի համահեղինակներ են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը ու Լենա Նազարյանը: Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաեւ այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձեւը սահմանելու է գործադիրը: