Ինչ է լինելու այն ոլորտների հետ, որտեղ կարևոր է եւ հասակը, եւ տարիքը, եւ արտաքին տեսքը. Լուսինե Բադալյանը՝ Ուրիխանյանին
Ինչ է լինելու այն ոլորտների հետ, որտեղ աշխատանքի անցնելու համար հստակ շատ կարեւոր է եւ հասակը, եւ տարիքը, եւ արտաքին տեսքը, դիցուք, մոդելային կազմակերպություններում կամ եթերային ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ օրինագծի հեղինակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ օրենքում կա ձեւակերպում, որն առանձնանցում է ոլորտները, որտեղ կան բնական սահմանափակումներ:
«Թեպետ մոդելային ոլորտը իմ անձնական տիրույթը չի ներառում ինչ-որ մի կոնկրետ ֆիզիոլոգիական հատկանիշներ ունեցող մարդկանց: Օրինակ, հեռուստատեսային գովազդներում կարող եք տեսնել նկարահանվող 1,60 հասակով, 160 կգ քաշով մարդկանց, որոնք գովազդում են, օրինակ, համով շոկոլադե արտադրություն:
Բայց սա այս օրինագծին չվերաբերող բան է: Այո, դուք իրավացի եք, այդ ձեւակերպումն այդտեղ կա»,-ասաց նա:
Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է, որ աշխատանքը ընդունվելու համար անընդունելի է համարվում տարիքը որպես սահմանափակում դիտարկելը: «Պահանջվում է մինչև 20 տարեկան, բարետես արտաքինով աղջիկ» հայտարարությունները նյարդայնացնող են մեր հասարակության համար, և այս նախագիծը նախ և առաջ ունի բարոյական կարգավորման նպատակ, երկրորդ՝ արդեն որպես մեխանիզմ գործարկվելու»,-ասել է Ուրիխանյանը: