Արցախի պետնախարարն ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը եւ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։
Պետական նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մարզական կարեւոր միջոցառումն ամրապնդելու է Արցախի եւ Աբխազիայի մարզական ու մշակութային կապը՝ այդ բնագավառներում հետագա շփումներն ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարով: «Սպորտը միավորելու հատկություն ունի: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն էլ, Արցախը ճանաչելի դարձնելուց բացի, արցախցիներին ու հյուրերին իրական տոն պարգեւելու նպատակ ունի»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն հույս է հայտնել, որ տոնն իրականում կհաջողվի եւ պատրաստակամություն է հայտնել խորացնելու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:
Հանդիպման վերջում երկուստեք կարեւորվել է նաեւ փոխադարձ այցերի ակտիվացումը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Պատվիրակությունը Ստեփանակերտում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով։