Բաքվի ագրեսիան Վրաստանի նկատմամբ. ուշագրավ քննարկում Երևանում
Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպում է ունեցել իր վրացի գործընկերոջ հետ: Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են թե՛ երկկողմ հարցեր, թե՛ ռեգիոնալ զարգացումները: Նրանք ընդգծել են երկու երկրների կապերի խորացման կարևորությունը:
Սա բավականին հետաքրքիր հանդիպում է թե՛ Հայաստանի ներքաղաքական զարգացումների ներկայիս փուլում, և թե՛ ռեգիոնալ համատեքստում ծավալվող բավականին նուրբ, սակայն խորքային գործընթացների: Թեև Հայաստանի ներքաղաքական կյանքը հեղափոխությունից մեկ տարի անց թևակոխել է բավականին ինտրիգային և հանգուցային նոր փուլ, իսկ վարչապետը հայտարարել է հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը դե ֆակտո սկսվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականով, այդուհանդերձ Հայաստանի համար կարևոր և վճռորոշ նշանակությամբ, կամ այդպիսի ներուժ ունեցող զարգացումներ տեղի են ունենում նաև մեր երկրի սահմաններից դուրս:
Մասնավորապես, դրանցից մեկը Բաքվում է, որտեղ մեկնարկել են վրաց-ադրբեջանական բանակցությունները սահմանային հարցերը ճշգրտելու նպատակով՝ մասնավորապես, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ վաղեմի վեճի հիմքով, որը սուր բնույթ է ստանում փուլից փուլ: Իսկ վրաց-ադրբեջանական հարաբերությունը Հայաստանի համար, բնականաբար, առանցքային նշանակություն ունեցող և ուշադրություն պահանջող հարցերից է, ինչպես երևի թե ռեգիոնալ ցանկացած հարց՝ հաշվի առնելով այն, որ Կովկասն այդ տեսանկյունից խիստ փոխկապակցված ռեգիոն է իր հիմնախնդիրների և անվտանգության հենակետերի առումով: Վրաց-ադրբեջանական սահմանային բանակցությունը, խոշոր հաշվով, բավականին խորքային հակադրություն է, որը Թբիլիսին և Բաքուն, անկասկած, լավ պատկերացնում են ու զգում, սակայն առայժմ պաշտոնապես փորձում են զսպել: Որքա՞ն կհաջողվի դա՝ բարդ է ասել, սակայն օրեր առաջ Բաքվի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսները արել էին հայտարարություններ այն մասին, որ հարավարևելյան Վրաստանը գործնականում ադրբեջանական պատմական տարածքներ են, իսկ Թբիլիսին, այսինքն՝ Վրաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական մշակույթի տրույթ: Սա հնարավոր չէ գնահատել այլ բան, քան Վրաստանի հանդեպ ադրբեջանական պատմա-գիտական ագրեսիա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: