Կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը
Մայիսի 23-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դիանա Յաբլոնսկայան:
Մանե Ադամյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի գերատեսչություններին ավելի մոտիկից Թայեքս և Թվինինգ գործիքներին ծանոթացնելու նպատակով՝ դրանք առավելագույնս օգտագործելու համար։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումն արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է ԵՄ փորձագետների աջակցությունը, ինչը կիրականացվի Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով։ Փոխնախարարը հավելել է, որ նշված գործիքները լայնորեն և հաջողությամբ կիրառվում են ինչպես այն երկրներում, որոնց հետ
աշխատում է ԵՄ-ն, այնպես էլ հենց ԵՄ անդամ երկրներում։
Դիանա Յաբլոնսկայան իր ներածական խոսքում ընդգծել է, որ Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով իրենք օգնում են պետական մարմիններին հասնել ավելի մեծ արդյունքների։