Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և հրացան են հայտնաբերել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետևողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն են կատարեցել։ Հայտնաբերվել են 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը լիցքավորված է եղել 7․62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինչպես և գործարանային համարով «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, որի պահունակում եղել է դարձյալ 7․62 մմ տրամաչփի 10 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումները ինքնաձիգի և հրացանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։