Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. վարչապետ
Եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ժողովրդին ուղերձով դիմելով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ նպատակին միտված քայլերի հետևյալ հաջորդականությունը թվարկեց.
1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների մասին հանրությունը պետք է ամբողջ տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում ու նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին,
2. ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքական, իրավական կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն,
3. Բոլոր այն դատավորները, որ իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ ու օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ ծառայություն մատուցելով ՀՀ և ՀՀ ժողովրդին,
4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար, մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք այս ուղղությամբ կատարված աշխատանքները,
5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական աշխատանք՝ կենսական այս կարգը կյանքի կոչելու և ՀՀ-ում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին, եթե պետք լինի դա անել ժողովրդի հանրաքվեով, պետք է գնալ նման լուծումի, այս աշխատանքը պետք է տեղի ունենա միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, միջազգային փորձի և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում: