Երբ աշխատանքումս կունենամ լավ ցուցիչներ, դեմ չեմ լինի ինձ պարգևավճար նշանակել. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել: Ի թիվս այլ հարցերի` Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև պարգևավճարների թեմային, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Օրեր առաջ մարզպետի հրամանով պարգևատրվել էին Շիրակի մարզպետարանի վարչության ղեկավարներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Ընդհանուր հաշվով պարգևատրվել էր 142 աշխատակից, իսկ պարգևատրման գումարը կազմում էր 15 մլն 78 հազար դրամ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նրա օգնականն ու խորհրդականը հրաժարվել էին պարգևատրումներից այն պատճառով, որ նոր էին անցել աշխատանքի: Պարգևատրումները Տիգրան Պետրոսյանը համարում է «լավ աշխատանքի խրախուսում»:
«Այնպես չէ, որ մարզպետ նշանակվելուց հետո մեր ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է: Երբ դու գործառույթ ես կլատարում, ծախսերն ավելանում են: Որպես մարզպետ, ես էլ, երբ իմ աշխատանքում կունենամ ինձ համար լավ ցուցիչներ, նաև հանրության աչքերում, դեմ չեմ լինի ինքս ինձ պարգևավճար նշանակել»,- ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: