Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երկրորդ աշխարհամարտի հրամանատարների ժառանգներին և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին
Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին և Երկրորդ աշխարհամարտի հրամանատարների ժառանգներին` ուղեկցությամբ Ռուսաստանի հայերի միության անդամների:
Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի նախագահ Նատալյա Կոնևան Նորին Սրբությանը ներկայացրել են Հայաստան ժամանած խմբին, որի մեջ էին նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի և մարշալ Համազասպ Բաբաջանյանի ժառանգները, անդրադարձել են հիմնադրամի առաքելությանը և իրականացվող ծրագրերին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հիմնադրամի անդամներին` ողջունելով հիմնադրամի գործունեությունն ի պանծացումն հաղթանակը կերտած հերոսներին: Իր խոնարհումը բերելով նրանց` Նորին Սրբությունը կարևորել է բոլոր այն քայլերը, որոնց շնորհիվ Երկրորդ աշխարհամարտում հերոսաբար զոհվածների և մարտնչածների հիշատակը կապրի հավերժ: Հայոց Հայրապետն ընդգծել է, որ այդ հիշատակը սուրբ և նվիրական է, այն պետք է պահել և փոխանցել հետագա սերունդներին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև պատերազմում հայ ժողովրդի կարևոր մասնակցությանը, ինչպես նաև ի զորակցություն բանակի Հայոց Եկեղեցու գործադրած ջանքերին, որոնց արդյունքում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը: Խոսելով հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ Երկրորդ աշխարհամարտում արձանագրված հաղթանակն առավել ամրապնդեց այդ եղբայրությունը:
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նման ձեռնարկները, ինչպիսին հիմնադրամի նախաձեռնությունն է, պիտի առավել սերտացնեն առկա ջերմ կապերը: Վերջում Նորին Վեհափառությունը մաղթել է, որ երկու հավատակից ժողովուրդները շարունակեն նույն ոգով զորացնել իրենց հարաբերությունները` ապրելով Աստծու օրհնության ներքո խաղաղության ու բարօրության մեջ: