Ստավրոպոլի երկրամասում Երևանից մեկնած միկրոավտոբուս է շրջվել. կան տուժածներ. (տեսանյութ)
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրի վրա միկրոավտոբուս է շրջվել, որը Երեւանից մեկնել է Օմսկ։
«Վթարը տեղի է ունեցել Նինի բնակավայրի շրջանում, կիրակի առավոտյան։ Nissan Elgrand միկրոավտոբուսը անիվի վնասվածքի հետեւանքով շրջվել է աջ կողմի վրա։ Միկրոավտոբուսում գտնվել է ութ մարդ (մեծահասակներ), որոնցից տուժել է երեքը»,- տեղեկացրել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ստավրոպոլի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք ստացել են փափուկ հյուսվածքների թեթեւ վնասվածքներ եւ հիվանդանոց են տեղափոխվել հետազոտության համար։