Թուրքիան Արդվինի շրջանում 10-րդ դարի վրացական եկեղեցում զուգարան է կառուցում
Վրացական սոցկայքերում երկրորդ օրն է, ինչ շրջանառվում է լուր, որ Թուրքիայի Ադվինի շրջանի վրացական համարվող Տաո Կլարջեթի վանական համալիրի` 10-րդ դարին պատկանող Դոլիսկանա վանքում մեկնարկել են զուգարանի կառուցման աշխատանքներ:
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ «վանքի դռների մոտ հորեր են փորվել, որոնք ծածկել են երկաթե ձողերով, վրան քարեր ու խողովակներ են շարել: Շինարարության համար անհրաժեշտ բոլոր նյութերն արդեն վանքում են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կսկսեն շինարարական աշխատանքները»:
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջղավայի խոսքերով` Թուրքիայի տարածքում գտնվող պատմամշակութային Տաո Կլարջեթի վանական համալիրում զուգարանների շինարարության մասին սոցկայքերում տարածված լուրերից հետո վրացական կողմը կապ է հաստատել թուրքական համապատասխան գերատեսչության հետ, որտեղ տեղի ունեցածի մասին տեղյակ չեն եղել:
«Երեկ սոցիալական ցանցերում լուսանկարները տարածվելուց անմիջապես հետո կապվեցինք Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և թանգարանների տնօրենի տեղակալի հետ: Այնտեղ վստահեցրին, որ տեղեկություն չունեն տաճարում զուգարան կառուցելու մասին, հայտարարել են, որ չունեն նման նախագիծ: Խոստացել են ուսումնասիրել հարցը: Նաև կարծիք հայտնեցին, որ շինարարական աշխատանքները կարող էին լինել տեղի բնակչության կամայական որոշման հետևանք: Թուրքական կողմը շեշտեց, որ թույլ չի տա նման շինարարությունը համալիրում»,- հայտարարել է Գեորգի Ջանջղավան:
Ավելի ուշ Թուրքիայում Վրաստանի դեսպանը տեղեկացրել է, որ վերոհիշյալ գերատեսչությունը հանձնարարել է Արդվինի մշակութային ծառայության ղեկավարին այցելել վանք և տեղում ծանոթանալ իրավիճակին: Նրանց տեղեկությամբ, սանհանգույցների շինարարության որոշումն ընդունվել է տեղացիների կողմից:
«Միջոցներ ենք ձեռնարկել և թույլ չենք տա զուգարան կառուցել Դոլիսկանա վանքում: Շինարարական աշխատանքներն արդեն կասեցվել են»,- հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպանը: