Ինչո՞ւ Թբիլիսիում Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներ այս տարի չանցկացվեցին
Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Aliq.ge-ն հաղորդում է, որ սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները:
Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը
կազմակերպել է համերգներ, միջոցառումներ: Հարկ է նշել նաև, որ 2014
թվականին ծրագրվում էր մեծ համերգ անցկացնել Թբիլիսիի «Արտհոլ»
համերգասրահում: Համերգասրահի վարչությունը, սակայն, համերգից մի քանի ժամ
առաջ պատճառաբանելով ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը,
հրաժարվել էր պայմանավորվածությունից: Չնայած այդ հանգամանքին, տոնը նշվել
էր Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում:
Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանն ասում է, որ որոշ
հարգելի պատճառներով այս տարի միջոցառումը հետաձգվել է, սակայն այն
անպայման տեղի կունենա:
Ինչ վերաբերում է Թբիլիսիում գործող «Վրաստանի հայ համայնք» հասարակական
կազմակերպությանը, 2016 թվականին վերջիններիս նախաձեռնությամբ մեկնարկեց
Եռատոն խորագրով փառատոնը, ինչից հետո այն այլևս չի նշվել՝ համենայնդեպս
համերգի ձևաչափով: ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է՝ որևէ արտառոց
կամ հատուկ պատճառ չկա, «ուղղակի այդպես է ստացվել, որ այս տարի չի նշվել՝
ելնելով իրադրությունից ու հնարավորություններից»:
Եռատոնին նվիրված համերգ այս տարի կայացել է Ախալքալաքիի երիտասարդական
կենտրոնում, որի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ Սփյուռքի նախարարութան
անունից պարգևատրում: