«Ձեր օրը փչացնեմ, էլի». Արման Բաբաջանյանը խոսել է Արթուր Դավթյանի կոռուպցիոն անցյալի մասին (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթը սկսեց՝ ասելով. «Ձեր օրը փչացնեմ, էլի»:
Ի մի բերելով օդում կախված և մամուլում հրապարակված լուրերը՝ Արման Բաբաջանյանը նկատեց. «Թավիշը, միևնույն է, մեզանում չափից շատ է: Համոզված եմ՝ եթե մարդը իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի ընդունած կանոններին, ուրեմն կարող էր դուրս դրվել համակարգից և ընդհանրապես առաջխաղացման հնարավորություն չունենալ»:
Դիմելով գլխավոր դատախազին՝ Արման Բաբաջանյանն ասաց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին: Արդյոք կոռուպցիա չէ՞, որ 2017 թվականին Լոռու մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: 2016 թվականին Լոռու մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկին՝ Կարեն Գաբրիելյանին, իսկ ձեր մտերիմին 2 տարվա աշխատանքային փորձով նշանակել եք Արարատի մարզի դատախազ»:
Պատգամավորի խոսքով՝ դառնալով գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանը որոշել է փոխել դատախազական «համազգեստը» պետությունից պահանջելով 58 մլն դրամ, իսկ դատախազության վերևի հարկը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ. «Իսկ հետո այդ հարկ եք տեղափոխել ձեր գրասենյակը՝ զբաղեցնելով 100 քառ. մետր: Արդյոք կոռուպցիա չէ՞, որ պետության միջոցներից ծախսելով 14 մլն դրամ՝ ուղիղ ձեր առանձնասենյակ բարձրացող վերելակ եք կառուցել»:
Մանրամասները՝ տեսանյութում.