Իսրայելը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե ոչ. Մնացականյան (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառով հայերն իրենց վրա զգում են արդարադատությունը մերժելու ճնշումը, բայց նաև հայերն են, որ հաղթած են դուրս եկել ցեղասպանության շրջանից, քանի որ այժմ ունեն ազգ ու պետություն, ազգային ինքնություն։ Իսրայելական հանրային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Իսրայելը դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
Հիմա, ըստ Մնացականյանի, մերժված արդարադատության հարցն արդեն հայերինը չէ․ այն պետք է ուղղել աշխարհին, պետք է ուղղել Իսրայելին։
«Իսրայելը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, որովհետև սա Հայաստանի հարցը չէ, սա Իսրայելի հարցն է։ Դա ցեղասպանությունների կանխման մեջ ներդրում ունենալու հարցն է … արդարադատության հարց է», – ասել է նախարարը։
Նացիստական Գերմանիայում հրեաների կոտորածի (Հոլոքոստի) ու Հայոց ցեղասպանության տարբերությունների մասին հարցին պատասխանելիս Մնացականյանն ասել է, որ ցեղասպանություն բառը շրջանառության մեջ է դրվել հենց հայերի կոտորածները նկարագրելու համար, և այդ կոտորածները կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Ռուանդայում և այլ տեղերում։
Մնացականյանը բացատրել է, որ Հայաստանն, ինչպես կարող է, իր կողմից շարունակում է ներդրում ունենալ ցեղասպանությունների հավանականությունը նվազեցնելու գործում: